Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում հանվում են զորամասի ընտրողների ցուցակից և իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին Ոստիկանությանը հայտ ներկայացնելու դեպքում: Հայտի ձևը և դրան կից փաստաթղթերի ցանկը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված պայմանագրային զինծառայողները և նույն տարածքում հաշվառված ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, վարժական հավաքներ անցնող ընտրողներն ընդգրկվում են զորամասի ընտրողների ցուցակում:
Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը համայնքի ղեկավարին, լիազոր մարմին ու կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Նշված դրույթները վերաբերում են նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և ոստիկանության զորքերին:
Զորամասի տարածքից դուրս հաշվառված պայմանագրային զինծառայողները համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
Աղբյուրը` Իրավաբան.net