Տարվա 300-րդ օրը՝ հոկտեմբերի 27-ը, հայ ժողովրդի համար, Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ արմատավորվել է որպես ոճրագործության, ահաբեկչության օր:
.
Ուղիղ 13 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովում, ժամը 17:13-ին, Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում, ուղիղ եթերում, խորհրդարանի նիստերի դահլիճ ներխուժեցին հինգ զինված ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի ղեկավարությամբ, և ավտոմատի կրակահերթ բացեցին Ազգային ժողովի առաջին շարքերում նստած պատգամավորների ու կառավարության անդամների ուղղությամբ:
.
Ոճրագործության արդյունքում Ազգային ժողովի նիստերի դահլիճում և միջանցքում զոհվեցին պետության ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ, կենդանի մնացած պատգամավորները, նախարարները և լրագրողները պատանդ մնացին ԱԺ նիստերի դահլիճում:
.
Պաշտոնական աղբուրները մի քանի ժամ չէին հաստատում պետության առաջին դեմքերի սպանության փաստը: Միայն երեկոյան ժամը 22-ից հետո նախագահականից տարածվեց հաղորդագրություն` հաստատելով, որ կան զոհեր ու վիրավորներ: Իսկ արդեն ուշ երեկոյան սպանվածների դիակները դուրս բերվեցին Ազգային ժողովի շենքից: Հայ ազգը և ողջ հանրությունը ցնցված էր: Միջազգային լրահոսը չէին դադարում լուսաբանել կատարվածը:
.
Ահաբեկիչներից Նաիրի Հունանյանը պահանջում էր հանդիպում երկրի այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվեցին մինչև լույս: Ահաբեկիչների հետ հանդիպեց նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչից հետո, առավոտյան պատանդներն ազատ արձակվեցին, իսկ ահաբեկիչները հանձնվեցին` ստանալով անվտանգության երաշխիքներ:
.
Ժողովուրդը թևաթափ եղավ. 1999թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները քիչ թե շատ արտահայտում էին ընտրողների տրամադրությունը, կարելի է ասել ձևավորվել էր օրենսդիր և գործադիր այնպիսի իշխանություն, որի նկատմամբ ժողովուրդը համեմատաբար դրական էր տրամադրված, հավատով էին սպասում երկրում դրական փոփոխությունների՝ շնորհիվ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի դաշինքի:
.
«Հոկտեմբերի 27-ի» գործով դատավարությունը սկսվեց 2001թ. հունվարին և տևեց մոտ 3 տարի: Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:
.
Ի հիշատակ ոճրագործությանը զոհ գնացած պետական և քաղաքական գործիչների, 2009թ-ի հոկտեմբերի 27-ի ՀՀ ԱԺ-ի բակում բացվեց զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը, որի հեղինակը քանդակագործ Երվանդ Քոչարն է (հուշակոթողը քանդակել են Ե.Քոչարի էսքիզներով):
.
Արդեն 13 տարի է անցել, բայց այդ ամոթալի օրվա հիշողությունները դեռ թարմ են, իսկ ազգի կրած կորուստը՝ անդառնալի…
.
Սոնա Հարությունյան
Աղբյուրը` Իրավաբան.net