Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն «Ինչպե՞ս դառնալ պատգամավոր» թեմայով դասախոսության ժամանակ կոչ արեց մասնակիցներին ծառայեցնել պագամավորներին իրենց խնդիրների լուծման համար:
.
«Մի թաղամասում ինձ ասացին` բարով կառավարեք, ես ասացի, ժողովուրդ` բարով ծառայեմ, քանի որ կառավարելու բան չեմ տեսնում: Սա ծառայություն է: Եվ միաժամանակ իմացեք, եթե պատգամավորը սկսի կարդալ Ազգային ժողով մուտք եղած բոլոր օրենսդրական փաթեթները, նա քիթը սրբելու ժամանակ չի ունենա»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
.
Նրա խոսքով` իրավապաշտպան աշխատելով` ավելի շատ գումար կարող ես վաստակել, քան հարկատուների հաշվին ձևավորվող Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձն է:
.
«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» կազմակերպած դասախոսության ընթացքում Էդմոն Մարուքյանը պատմեց պատգամավոր առաջադրվելու իր մտադրությունների, անցած ճանապարհի մասին` խոսքն ավարտելով ապագայի տեսլականով:
Պատգամավորը մասնակիցներին տեղեկացրեց, որ նախընտրական շրջանում օգտագործել է նաև բազմապատկման էֆեկտը:
.
«Գիտեմ, թե ինչպես կարելի է ստանալ բազմապատկման էֆեկտ: Այսինքն` ընտրել մարդկանց, ովքեր բազմապատկիչ են: Այդ մարդը մեկ ձայն չէ, այդ մարդը կարող է բազմապատկել քո տված տեղեկությունը և այդ էֆեկտը տարածել մյուսների վրա»,- նշեց պատգամավորը:
.
Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ` առաջադրվելով պատգամավոր` իրեն ոչ ոք չէր կարող ստիպել հրաժարվել պայքարից` բացի հանուն Հայաստանի Հանրապետության դատարանի կայացրած որոշումից: Իսկ դա, թերևս, կլիներ բողոքարկման ենթակա…
.
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net