Երևի թե չկա մի այնպիսի վարորդ, որ գոնե մի քանի անգամ խախտած չլինի ճանապարհային երթևեկության կանոնները:
Սովորաբար նման դեպքերում պետավտոտեսուչը կազմում է ակտ:.
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255 հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը,. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, խախտողի բացատրությունը, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:.
«Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը, վկաների և տուժողների առկայության դեպքում, արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի փաստաբան Գեղամ Այվազյանը:.
Նույն օրենսգրքի 267 հոդվածի համաձայն` վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը:.
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:.
Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է օրենքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում:.
Այսպես, էական նշանակություն ունի այն փաստը, որ վարչական մարմինը` ի դեմս իր ներկայացուցչի, կատարի բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն` այն նկատառումով, որ վարչարարության արդյունքում ընդունված վարչական բնույթի իրավական ակտով որևէ կերպ չխախտվեն վարչական տույժի ենթարկվող անձի իրավունքները:.
Վարչական մարմնի ցանկացած գործողություն պետք է կատարվի իրավաչափության, օբյեկտիվության, բազմակողմանի ու լրիվ ուսումնասիրության սկզբունքներով պայմանավորված ու դրանցից բխող տարբերակով:.
Աղբյուրը` Իրավաբան.net