Անձն ամեն դեպքում իրավունք ունի նախապատվությունը տալ գործարքի գրավոր ձևին

Ինչպես գիտենք, գործարքները կարող են կնքվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր:

Գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր: Ինչպես տեսնում ենք, ցանկացած դեպքում անձը կարող է կնքել գրավոր գործարք, եթե անգամ նման գործարքի համար օրենքով ուղղակիորեն նախատեսված չէ գրավոր ձևը:

Գրավոր գործարքը կնքվում է փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:

Գործարքներ կնքելիս ստորագրությունների մեխանիկական և պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների, էլեկտրոնային թվային ստորագրության կամ իր ստորագրության այլ նմանօրինակի օգտագործում թույլատրվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում և կարգով:

Եթե քաղաքացին ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող իր ձեռքով ստորագրել, ապա նրա խնդրանքով գործարքը կարող է ստորագրել այլ քաղաքացի: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող այլ պաշտոնատար անձը` նշելով այն պատճառները, որոնց ուժով գործարք կնքողը չի կարողացել այն ստորագրել:

Օրենքով նախատեսված դեպքերում գործարքը միաժամանակ պետք է ենթարկվի նոտարական վավերացման, իսկ անշարժ գույքի շուրջ կնքված գործարքից բխող իրավունքները` պետական գրանցման:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել