ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:
Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը դատական կարգով կարող է իրականացվել դատարանում քաղաքացիական գործ հարուցելու և որպես կողմ կամ դատակից գործի քննությանը մասնակցելու, ինչպես նաև գործի քննությանը որպես ինքնուրյուն պահանջ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձ մասնակցելու միջոցով:
Երրորդ անձինք մասնակից են դառնում վարույթին այն պատճառով, որ կայացվող դատական ակտը կարող է այս կամ այն կերպ ազդել իրենց իրավունքների ու պարտականությունների վրա:
«Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Նրանք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները:
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա»,- Իրավաբան.net-ին հայտնում է«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափն ավելացնելու կամ նվազեցնելու, հայցից հրաժարվելու, հայցն ընդունելու կամ հաշտության համաձայնություն կնքելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքից:
Աղբյուրը` Իրավաբան.net