Կտակը վավերացնում է նոտարը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Իսկ կարող է արդյոք կտակը վավերացվել մեկ այլ անձի կողմից։
Պետք է նկատի ունենալ, որ նոտարի կողմից վավերացված կտակներին հավասարեցվում են`
1) հիվանդանոցներում, հոսպիտալներում, այլ հիվանդանոցային բուժական հաստատություններում բուժվող կամ ծերերի և հաշմանդամների տներում ապրող քաղաքացիների կտակները` վավերացված այդ հիվանդանոցների, հոսպիտալների և այլ բուժական հաստատությունների գլխավոր բժիշկների, բուժական մասով նրանց տեղակալների կամ հերթապահ բժիշկների, ինչպես նաև հոսպիտալների պետերի, ծերերի և հաշմանդամների տների տնօրենների կամ գլխավոր բժիշկների կողմից.
2) զինծառայողների, իսկ զինվորական մասերի տեղաբաշխման կետերում, որտեղ չկան նոտարներ, նաև այդ զինվորական մասերում աշխատող քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքի անդամների և զինծառայողների ընտանիքի անդամների կտակները` վավերացված զինվորական մասերի հրամանատարների կողմից.
3) հեռավոր այն բնակավայրերում, որտեղ չկա նոտար, ապրող անձանց կտակները` վավերացված համայնքի ղեկավարի կողմից.
4) երկրաբանական կամ այլ նմանատիպ արշավախմբերում գտնվող քաղաքացիների կտակները` վավերացված այդ արշավախմբերի ղեկավարների կողմից.
5) Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո նավարկող նավերի վրա գտնվող քաղաքացիների կտակները` վավերացված այդ նավերի նավապետերի կողմից.
6) ազատազրկման վայրերում գտնվող անձանց կտակները` վավերացված ազատազրկման վայրերի պետերի կողմից:
Նշված կտակները կտակարարը պետք է ստորագրի վկայի ներկայությամբ, որը նույնպես ստորագրում է կտակը: Նման կտակների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1205 հոդվածի (կտակի նոտարական վավերացումը) կանոնները:
Աղբյուրը` Իրավաբան.net