Իջևանում բացվել է ԴԱՀԿ ծառայության մարզային բաժնի նոր վարչական շենքը

Հոկտեմբերի 24-ին Իջևան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ծառայության ղեկավարությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: Այդ մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

.

Բացման հանդիսավոր արարողությունից հետո իր խոսքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշել է, որ ծառայության մարզային կառույցների գործունեության բարելավման խնդիրները մշտապես գտնվում են ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում և ընդգծել, որ ստեղծված աշխատանքային պայմանները կնպաստեն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Նա վստահություն է հայտնել, որ հարկադիր կատարողներն ամենայն պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները:

.

Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շրջել է շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։ Միհրան Պողոսյանը ծառայության Տավուշի մարզային բաժնի աշխատակից Ռուզաննա Գալստյանին շնորհել է արդարադատության լեյտենանտի կոչում:

.

Տավուշի մարզային բաժնի նոր վարչական շենքը հիմնանորոգվել և վերազինվել է համակարգչային տեխնիկայով։ Բաժինը, որն սպասարկելու է մարզի 4 քաղաքային և 62 գյուղական համայնքների բնակիչներին, վերակառուցվել և կահավորվել է ԴԱՀԿ ապահովող ծառայության միջոցներով:

.

Հավելենք, որ ԴԱՀԿ ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնում 2011 թ. հարուցվել է 2048 կատարողական վարույթ: 2012 թ. տասն ամիսների ընթացքում հարուցվել է 2164 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1632 կատարողական վարույթի դիմաց:

.

Նշենք, որ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սկսել է հանրային տեղեկատվական կրպակների՝ «Դատալեքսի» տեղադրման գործընթացը նաև ԴԱՀԿ մարզային բաժիններում և բաժանմունքներում: «Դատալեքսի» ներդրումը նպատակ ունի ապահովել ընթացակարգային և բովանդակային թափանցիկություն ԴԱՀԿ համակարգում ընթացող ցանկացած կատարողական վարույթի վերաբերյալ: Համակարգի ներդրման արդյունքում կատարողական վարույթի կողմերը հնարավորություն կունենան առցանց համակարգով հետևել վարույթի ընթացքին, ինչպես նաև պարտապան հանդիսացող կողմը կկարողանա մուծումներ կատարել հանրային տեղեկատվական կրպակների միջոցով` տեղում ստանալով անդորրագիրն ու որոշումը:

.

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել