Շվեդ անօթևան Կուրտ Դեգերմանի մահից հետո իր թողած ժառանգությունը թվերի լեզվով կազմում էր ավելի քան միլիոն դոլար:
.
Կուրտ Դեգերմանը, հանձնելով երկաթյա շշեր, 30 տարվա ընթացքում կուտակել էր հսկայական կարողություն:
.
Իր մահից հետո շվեդը կուտակած դոլարները կտակել է իր հորեղբոր որդուն, որը երբեմն այցելել էր նրան կենդանության օրոք:
.
Կուրտ Դեգերմանի մյուս հարազատները հետագայում վիճարկել են նշված կտակը դատարանում:
.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանում է, որ քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին օրենքով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:
.
«Քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում, որ կտակի ազատությունը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով:
.
Անկախ կտակի բովանդակությունից` պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
Պարտադիր բաժնի չափը որոշելիս հաշվի է առնվում այն ամենը, ինչ նման բաժնի իրավունք ունեցող ժառանգը որևէ հիմքով ստանում է ժառանգությունից` ներառյալ նման ժառանգի օգտին սահմանված կտակային հանձնարարության արժեքը:
Աղբյուրը` Իրավաբան.net