Արդեն խոսել ենք այն մասին, թե երբ կարող են ծնողները զրկվել իրենց զավակների նկատմամբ իրավունքներից(ծնողական իրավունքներ):
Պետք է նկատի ունենալ, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է ոչ միայն ծնողական իրավունքներից զրկումը՝ որպես պատասխանատվության միջոց, այլև ծնողական իրավունքների վերականգնումը՝ որպես վերականգնման միջոց:
«Ծնողական իրավունքների վերականգնումը թույլատրելի է, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձևը և (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը»- նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Այս ամենով հանդերձ ծնողական իրավունքները կարող են վերականգնվել ոչ բոլոր դեպքերում: Չի թույլատրվում ծնողական իրավունքների վերականգնումը, եթե դա կհակասի երեխայի շահերին կամ եթե երեխան որդեգրվել է և որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:
«Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի (ծնողների) դիմումի հիման վրա և նշված գործերով քննությանը պարտադիր է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը: Եթե լրացել է երեխայի 10 տարին, ապա անպայման հաշվի է առնվում նաև երեխայի կարծիքը» – հավելում է փաստաբանը:
Աղբյուրը` Իրավաբան.net