Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական ակտը կարող է ունենալ ներդիրներ, հավելվածներ կամ լրացուցիչ այլ փաստաթղթեր, որոնց գործողությունը չի կարող գերազանցել վարչական ակտի գործողության ժամկետը: Ներդիրները, հավելվածները և լրացուցիչ այլ փաստաթղթերը ինքնուրույն վարչական ակտեր չեն, դրանք վարչական ակտի բաղկացուցիչ մասն են և գործում են այնքանով, որքանով գործում է բուն վարչական ակտը:
Գործնականում հաճախ է պատահում, որ վարչական ակտի ներդիրը կամ լրացուցիչ փաստաթղթերը ստորագրված և կնքված չեն լինում:
Արդյոք նշվածը կարող է հիմք հանդիսանալ վարչական ակն առոչինչ ճանաչելու համար, եթե բուն վարչական ակտը կնքված և ստորագրված է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի պահանջներից հստակ հետևում է, որ վարչական ակտին ներկայացվող պահանջները վերաբերում են բուն վարչական ակտին և ոչ թե վարչական ակտի հավելվածներին կամ ներդիրներին, և քանի որ օրենքով նախատեսված չէ, որ իրավական ակտի բաղկացուցիչ մասերը պարտադիր պետք է կնքվեն և ստորագրվեն վարչական ակտն ընդունած վարչական մարմնի պաշտոնատար անձի կողմից, ապա այդ հիմքով վարչական ակտի առոչինչ լինելու մասին հետևությունները դառնում են իրավազուրկ»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը։
Աղբյուրը` Իրավաբան.net