Քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտներ են հանդիսանում քաղաքացիաները, իրավաբանական անձինք, պետությունն ու համայնքները:
Հայաստանի Հանրապետությունը (պետությունը) հանդիսանում է քաղաքացիաիրավական հարաբերությունների հատուկ սուբյեկտ, քանի որ հանդիսանալով հանրային իշխանության կրող՝ ինքն է սահմանում ինչպես իր, այնպես էլ մյուս սուբյեկտների իրավունքների ու պարտականությունների շրջանակը, ծավալն ու բովանդակությունը:
«Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով: Նրանց նկատմամբ կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից»-Իրավաբան.net-ի հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:
Համայնքների անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց իրավասության շրջանակներում:
Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով:
Աղբյուրը` Իրավաբան.net