Որպես կանոն քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից:
Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան:
Օրենքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան:
«Բողոքները կարող են լինել գրավոր, իսկ օրենքով գրավոր ձևը հատուկ նախատեսված չլինելու դեպքում` նաև բանավոր: Քրեական վարույթն իրականացնող մարմինը բանավոր բողոքը մտցնում է տվյալ պահին կատարվող դատավարական գործողության արձանագրության մեջ կամ կազմում առանձին արձանագրություն»-, այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս փոխանցմամբ` բողոքները քրեական դատավարությանը մասնակցող անձինք տալիս են անձամբ կամ քրեական վարույթն իրականացնող այն մարմնի միջոցով, որի գործողությունները կամ որոշումները բողոքարկվում են: Իր կամ այլ անձանց գործողությունների կամ որոշումների դեմ բողոքն ընդունող դատարանը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են անմիջապես` ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ, բողոքն ուղարկել ըստ ենթակայության:
Դատավարության մասնակցի բողոքը պետք է անհապաղ քննության առնվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից, բայց ոչ ուշ, քան այն ստանալու պահից 3 օրվա ընթացքում: Բողոք տված անձն իրավունք ունի հետ վերցնել այն: Կասկածյալը և մեղադրյալն իրավունք ունեն հետ վերցնել իրենց պաշտպանի բողոքը, քաղաքացիական հայցվորը, տուժողը կամ քաղաքացիական պատասխանողն իրավունք ունեն հետ վերցնել իրենց ներկայացուցչի բողոքը, բացի օրինական ներկայացուցչի բողոքից: Կասկածյալի կամ մեղադրյալի շահերի պաշտպանության համար ներկայացված բողոքը կարող է հետ վերցվել միայն նրա համաձայնությամբ: Բողոքը հետ վերցնելը չի խոչընդոտում նախքան սահմանված ժամկետները լրանալը դրա կրկին ներկայացնելուն, բացի օրենքով նախատեսված դեպքերից:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է բողոքի վերաբերյալ ընդունել պատճառաբանված որոշում, որի մասին տեղյակ է պահվում բողոք տված անձին:
Աղբյուրը`Իրավաբան.net