Բազմաթիվ են լինում դեպքեր, երբ անձը վարչական պատասխանատվության է ենթարկվում ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չգործող ԱՊՊԱ կտրոնով երթևեկելու համար, այն դեպքում, երբ անձը ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր հետևաբար նաև կտրոն, սակայն մոռացել է, կամ ինչ-որ պատճառներով այն չի փակցրել օրենքով սահմնված տեղում: Նման պայմաններում ավտոտեսուչները տարբերակում չեն դնում և անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության, այն դեպքում, երբ անձը կատարել է օրենքի պահանջները և բացակայում է նրա մեղքի առկայությունը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։
« Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն` յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր …: Արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե դրա համար առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը կամ ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում իրականացնելը…:
ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց հետո ապահովագրական ընկերությունը (գործակալը) ապահովադրին է հանձնում լրացված ԱՊՊԱ կտրոնը, ինչպես նաև պայմանագիրը և համաձայնեցված հայտարարագրի նմուշը։ Կտրոնը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պետք է փակցված լինի ավտոտրանսպորտային միջոցի վրա` ՀՀ կառավարության սահմանած տեղում …։
«Վերոգրյալ նորմերից հետևում է, որ վարչական իրավախախտում է համարվում հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Մասնավորապես` օրենքը հստակ սահմանում է, որ անձը պարտավոր է մշտապես ունենալ սեփականության իրավունքով իրեն պատկանող և ՀՀ-ում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, իսկ կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելու դեպքում առաջանում է վարչական պատասխանատվություն` տուգանքի նշանակման ձևով»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի ծրագրի փաստաբան Գեղամ Այվազյանը։
Փաստաբանի խոսքով` պետք է նկատի ունենալ նաև, որ նշված կանոնի սահմանումն ինքնանպատակ չէ, այլ այն հետապնդում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ պահանջի կատարման ապահովման նպատակ։ Այսինքն` այն դեպքում, երբ անձը թեև տրանսպորտային միջոցը վարում է սահմանված տեղում փակցված և չգործող ԱՊՊԱ կտրոնով, սակայն վերջինս ունի նաև տրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, հետևաբար նաև` լրացված ԱՊՊԱ կտրոն, ապա նա չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության չգործող ԱՊՊԱ կտրոնով տրանսպորտային միջոց վարելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մաս), այլ այդ դեպքում կարող է վարչական պատասխանատվություն առաջանալ միայն ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում չփակցնելու հատկանիշներով (նույն հոդվածի 1-ին մաս)։
Հետևաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանմամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը և պետք է հաշվի առնվի նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի պահանջները։
«Անհրաժեշտ եմ համարում նշել, որ վերը նշված դիրքորոշումը և մեկնաբանությունները կատարվել են դատարանի կողմից, իսկ նման պարագայում, օրենքի հստակ մեկնաբանության դեպքում կիռաման գործընթացում կբացառվեն կռուպցիոն ռիսկերը»,-հավելում է Գեղամ Այվազյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net