Դատավարության մասնակից չհանդիսացող ցանկացած անձ, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, իրավունք ունի պահանջելու իրեն ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ:
Տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ ճանաչելու մասին անձի պահանջը պետք է անհապաղ քննության առնվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` այն ստանալու պահից 3 օրվա ընթացքում: Պահանջի վերաբերյալ ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվում է դիմողը` նրան ուղարկելով համապատասխան որոշման պատճենը:
Դիմողն իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարան կամ եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման պատճենը չի ստացվել բողոք տալու պահից մեկ ամսվա ընթացքում, դիմել դատարան` իրեն դատավարության մասնակից ճանաչելու մասին պահանջով:
Մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած անձի մերձավոր ազգականը կարող է պահանջել նշված անձին ճանաչելու տուժող, եթե դիմողը ցանկանում է լինել նրա իրավահաջորդը: Նշված պահանջը քննության է առնվում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` վերը սահմանված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net