Մոսկվայում դեռևս 1994 թվականից քաղաքային իշխանության կողմից ընդունված որոշմամբ արգելվել է շներին հաչել ժամը 23:00-ից մինչև 07:00-ն:
Շների կողմից վերը նշված կարգը չպահպանելու դեպքում վերջիններիս տերերը ենթակա են վարչական պատասխանատվության:
Նմանատիպ արգելք է գործում նաև Խերսոն քաղաքում, որտեղ, ի դեպ, արգելվում է ինչպես շների հաչոցը, այնպես էլ կատուների մլավոցը, այծերի, կովերի, խոզերի ձայները ժամը 22:00-ից մինչև 08:00-ն:
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 180-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը` առաջացնում են նախազգուշացում:
Վերը նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net