Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին:
Վերը նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ անձը պարտավորվում է ներկայանալ դատական նիստին այն օրը և ժամին, որը նշված է ծանուցագրում:
Իսկ եթե անձը ներկայացել է ծանուցագրում նշված ժամին, սակայն դատական նիստը կայացել է մի քանի ժամ ուշ, քան նախատեսված էր ծանուցագրում:
Այս խնդրի շուրջ Իրավաբան.net-ի լրագրողը զրուցեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի հետ:
Իրավաբանի խոսքով` ըստ էության դատական նիստը նշանակված ժամից ուշացումով սկսելը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված՝ ծանուցման պահանջի չպահպանում, ինչը հանգեցնում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ յուրաքանչյուրի` արդար դատաքննության իրավունքի խախտման։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը։
Այսպիսով, կարելի է փաստել, որ դատական նիստը նախապես սահմանված ժամից ուշ սկսելը խախտում է մարդու` արդար դատաքննության իրավունքը:
Աղբյուրը` Իրավաբան.net