Բոլոր պետություններին և ազգերին հուզող և վերաբերող խնդիրների լուծման, տարբեր ոլորտներում պետությունների համագործակցության համար ստեղծվում են միջազգային կազմակերպություններ: Այդպիսի միջազգային խոշորագույն կազմակերպություններից է Միավորված ազգերի կազմակերպությունը(ՄԱԿ):
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ստորագրվել է 1945 թ. հունիսի 26-ին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում և ուժի մեջ է մտել 1945 թ. հոկտեմբերի 24-ից:
ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն են`
1.պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը:
2. Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման:
3. Իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման, ինչպես նաև բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի տարածման և քաջալերման գործում՝ անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ դավանանքից:
4. Դառնալ ազգերի գործողությունների համաձայնեցման կենտրոն այդ ընդհանուր նպատակներն իրագործելու ճանապարհին:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր մարմիններն են՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Միջազգային դատարանը և Քարտուղարությունը:
Անհրաժեշտության դեպքում, համաձայն կանոնադրության, կարող են հիմնվել այլ օժանդակ մարմիններ:
Աղբյուրը` Իրավաբան.net