Այսօր Ազգային ժողովի Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Արդարադատության նախարարության մշակած նախագծին տվեց դրական եզրակացություն մեծ օրակարգում ընդգրկելու համար: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկեց դեռ ձեռնպահ մնալ նախագիծը քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելուց, կազմակերպել ևս մեկ լրացուցիչ քննարկում:
.
Մեկնաբանությունների եղան նախագծին այն հոդված վերաբերյալ, որը նախատեսում է սահմանափակել դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը:
.
«Քրեակատարողական հիմնարկում անվտանգության ու ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգի պահպանման, հանրության առողջության եւ բարոյականության, արդարադատության հեղինակության պահպանման, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանության, այդ թվում նաեւ այլ դատապարտյալի սոցիալական վերականգնմանը խոչընդոտող անմիջական վտանգը կանխելու նպատակներով քրեակատարողական հիմնարկի պետը պատճառաբանված միջնորդություն է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան` դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը սահմանափակելու, այդ թվում` նամակագրությունը բացելու, դրա բովանդակությանը ծանոթանալու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այն առգրավելու համար թույլտվություն ստանալու նպատակով»,- նշվում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծում:
.
Հանձնաժողովի անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ էր նման բովանդակությամբ հոդվածի ընդունմանը և առաջարկվող փոփոխություններին: Իսկ պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանի կարծիքով` Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնակներում այսօր էլ բոլոր դատապարտվածների նամակները կարդում են, ուղղակի նախարարությունն ուզում է այդ ապօրինի գործողությունները օրինականացնել` բերելով դատական օրենսդրության դաշտ:
.
Դավիթ Հարությունյանի խոսքով` մեզ մոտ դեռ պահպանվում է այն արատավոր երևույթը, որով օրենքներում ընդհանուր ձևակերպումներ են տրվում և պատահական չէ, որ Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ նմանատիպ որոշումներ է կայացնում: «Օրինակ «անմիջական վտանգ» բառերը շատ ընդհանուր բառեր են, որտեղ շատ դժվար է ասել 6 ամսվա ընթացքում պոտենցիալ անմիջական վտանգն ինչպիսին է լինելու: Մարդը դեռ գործողություն չի կատարել, բայց մենք ասում ենք` կա անմիջական վտանգ»,- նկատեց հանձնաժողովի նախագահը:
.
Իսկ Արդարադատության նախարարի կարծիքով` անմիջական վտանգ կարող է միշտ էլ լինել:
«Երեկ եմ վերադարձել Էստոնիայից: Այնտեղ նման մի դեպք եղել է: Թեպետ նրանք հավաքել էին բոլոր այն պարագաները, որոնք կարող էին հրդեհ առաջացնել, բայց հրդեհ եղել էր, որովհետև նրանք դա արել էին հոսանքի միջոցով` կարճ միացման»,- ասաց Հրայր Թովմասյանը:
.
Քրեակատարողական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից մեկն էլ սահմանում է, թե դատապարտյալի ում ուղղված նամակները բացման կամ առգրավման ենթակա չեն. «Արդարադատության նախարարին, դատարանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, ձեռնադրված հոգեւորական-խոստովանահորը, քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, պաշտպանին կամ բուժական հաստատությանը ուղղված կամ նրանցից ստացվող դատապարտյալի նամակները բացման կամ առգրավման ենթակա չեն»:
.
Դավիթ Հարությունյանի մոտեցմամբ` Ազգային ժողովին և Դատախազությանը` ոչ միայն գլխավոր դատախազին, ևս պետք է ընդգրկել այն ցանկում, ում դատապարտյալները կարող են նամակ գրել:
.
Տեղեկացնենք նաև, որ այսօրվա նիստի ընթացքում Պետական – իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կողմ էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը մեծ օրակարգ, ապա քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելուն, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումը հետաձգեցին մինչ մեկ տարով, մինչև մեկ տարով հետաձգեցին նաև 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության եւ ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկումը:
.
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net