Այսօր` հոկտեմբերի 19-ին, ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստում քննվել են մի շարք քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները մի քանի խոշոր ընկերությունների նկատմամբ: Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել նաև «Հայփոստ» ընկերության գործունեության վերաբերյալ:
Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը դիմում-բողոքներ է ստացել մի շարք տնտեսվարողներից, ինչպես նաև շարքային քաղաքացիներից այն մասին, որ «Հայփոստը» ժամանակին և պատշաճ չի կատարում իր պարտավորությունները: Հայտնում է ՀՀ ՏՄՊՊՀ-ն: Մասնավորապես, ըստ բողոքների, առաքվող ծրարները տեղ են հասնում էական ուշացումներով, հանձնումը հավաստող հետադարձ ծանուցագրերում բացակայում են հանձման ամսաթիվը: Բազմաթիվ են նաև այնպիսի դեպքերը, երբ «Հայփոստի» աշխատակիցը նամակը կամ ծանրոցը առաքում է սխալ հասցեատիրոջ: Արձանագրվել են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ նույն հասցեով առաքվող նամակը հանձնվել է հասցեատիրոջը, սակայն հաջորդ առաքման ժամանակ հետ է վերադարձվել՝ «անհայտ հասցե» նշումով:
Վերոնշյալ խախտումները խոչընդոտում են հատկապես պետական մարմինների բնականոն աշխատանքին՝ ստեղծելով խնդիրներ նաև տնտեսվարողների համար: Նրանց մի մասը բարեխղճորեն կատարում է պետական կառույցներին տեղեկատվություն տրամադրելու իր պարտավորությունները, սակայն «Հայփոստի» վարքագծի պատճառով դրանք կամ ընդհանրապես տեղ չեն հասնում, կամ հասնում են պահանջվող ժամկետից զգալի ուշացումով: Առկա են դեպքեր, երբ «Հայփոստի» նման վարքագծի արդյունքում տնտեսվարողները դիմել են դատարան: Հանձնաժողովը խստորեն զգուշացրեց «Հայփոստին»՝ զերծ մնալ նման գործելաոճից, վերացնել խախտումները և սպառողներին մատուցել որակյալ և բարեխիղճ ծառայություններ:
Տեղեկացնենք նաև, որ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, ՏՄՊՊՀ-ը մշակել է համապատասխան օրենսդրական առաջարկներ, որը կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն:
.
Աղբյուրը` Իրավաբան.net