«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը բնակչին զրկել է էլեկտրամատակարարումից

Այսօր` հոկտեմբերի 19-ին, ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստում քննվել են մի շարք քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները մի քանի խոշոր ընկերությունների նկատմամբ: Հանձնաժողովը ստացել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գործունեության վերաբերյալ դիմում- բողոք:
ՏՄՊՊՀ-ը Երևան քաղաքի բնակիչ՝ Աշոտ Ոսկանյանից դիմում-բողոք է ստացել այն մասին, որ դիմել է «ՀԷՑ»-ին՝ նշելով, որ իր բնակարանը զրկված է էլեկտրաէներգիայից և խնդրել է իր հետ կնքել մատակարարման պայմանագիր: Այս մասին հայտնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Ընկերությունը պատասխան գրությունում նշել է, որ բնակիչը տևական ժամանակ օգտվել է մեկ այլ քաղաքացու անվամբ գրանցված բաժանորդային քարտից, որի պարտքը կազմում է 645 հազար դրամ և միայն այդ պարտքը մարելուց հետո նրա հետ կկնքվի պայմանագիր:
Բնակչը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ «ՀԷՑ»-ին գերիշխող դիրքի չարաշահման համար պատասխանատվության ենթարկելու նպատակով, ինչի հետ կապված հարուցվել է վարույթ: Վարույթի շրջանակներում ընկերությունը Հանձնաժողովին տեղեկացրել է, որ, իբրև բնակիչը ժամանակին չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը, ինչի հետևանքով էլ նրա հետ չի կնքվել պայմանագիր: Պարզվել է, որ բնակիչը «ՀԷՑ»-ի հանդեպ չունի որևէ պարտավորություն և էլեկտրամատակարարում ստանալու համար պատշաճ կերպով դիմում է ներկայացրել՝ կցելով նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Սակայն «ՀԷՑ»-ը պահանջել է ներկայացնել նաև տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթուղթ, ինչի առկայությունը պարտադիր չի եղել: ՏՄՊՊՀ վարույթի ընթացքում վերոնշյալ խնդիրը լուծվել է, ընկերության և բնակչի միջև կնքվել է պայմանագիր և վերջինը հնարավորություն է ստացել սպառել էլեկտրաէներգիա: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, ընկերությունը անհիմն կերպով է մերժել բնակչի դիմումը, ինչի հետևանքով վերջինը տևական ժամանակ հնարավորություն չի ունեցել օգտվել «ՀԷՑ»-ի ծառայություններից:

.
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել