«ԱրմենՏել» ընկերությունը տուգանվեց 30 մլն դրամով

«Ալիաս» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել ՏՄՊՊՀ՝ տեղեկացնելով, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են «ԱրմենՏելի» «Էքսկլյուզիվ բիզնես» սակագնային փաթեթից: Ըստ «ԱրմենՏելի» ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության, այս սակագնային փաթեթով ինտերնետի 1ՄԲ-ի արժեքը 49 դրամ է: Այսպես նշված է նաև տեղեկատվական բուկլետների վրա:
«Ալիաս» ընկերության աշխատակիցները օգտվել են այս սակագնային փաթեթից՝ վստահ լինելով, որ սակագինը կազմելու է 49 դրամ: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ իրենցից գանձվել է մեկ ՄԲ-ի համար ոչ թե 49 դրամ, այլ 90 դրամ: Ըստ «ԱրմենՏելի» բացատրությունների, սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, որի 1ՄԲ-ը արժե 90դրամ, իսկ «Էքսլյուզիվ բիզնես» փաթեթի համար այդ սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն:
Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ԱրմենՏելը» մոլորեցրել է սպառողներին, քանի որ նրանց չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին: Սպառողներն էլ օգտվել են այն փաթեթից, որի գինը ավելի էժան է եղել, սակայն հետագայում նրանցից գանձվել է անհամեմատ բարձր գին:
Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար որոշվեց ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 30 մլն դրամի չափով: Հայտնում է ՏՄՊՊՀ պաշտոնական կայքը:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել