Պետությունը, կարևորելով որդեգրման գործընթացը, հստակ պահանջներ է ներկայացնում այն անձանց, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել:
Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք, բացառությամբ.
ա) անձանց, ովքեր դատարանի կողմից ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) ամուսինների, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
գ) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց.
դ) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.
ե) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
զ) այն անձանց, որոնք առողջական վիճակով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ (արգելք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը).
է) այն անձանց, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները.
ը) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական և տեխնիկական սահմանված պահանջներին.
թ) որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց:
Ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միևնույն երեխային:
Միևնույն երեխային միաժամանակ որդեգրել ցանկացող մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվության իրավունք տրվում է երեխայի ազգականներին և խորթ ծնողներին, այն պայմանով, որ կպահպանվեն վերը նշված (բացառությամբ «է» և «ը» կետերի) կետերով նախատեսված պահանջներն ու որդեգրվող երեխայի շահերը:
Աղբյուրը` Իրավաբան.net