«Կոչի վարույթը դա ըստ ներկայացնողի կամ օրդերային արժեթուղթը կորցրած անձի դիմումն է ուղղված դատարանին՝ կորցրած արժեթուղթն անվավեր ճանաչելու և դրանով հավաստված իրավունքը վերականգնելու մասին: Արժեթղթով հավաստված իրավունքը կարող է վերականգնվել նաև անպատշաճ պահելու հետևանքով կամ այլ պատճառներով դրա վճարունակության հատկանիշների կորստի դեպքում» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Ըստ ներկայացնողի արժեթղթերն այն արժեթղթերն են (հասարակ պահեստային վկայագիր, կոնոսամենտ, բաժնետոմս, պարտատոմս և այլն), որոնցով հավաստվող իրավունքները կարող են պատկանել արժեթուղթը ներկայացնողին:
Օրդերային արժեթղթերն այն արժեթղթերն են (կոնոսամենտ, երկակի պահեստային վկայագիր), որոնցով հավաստվող իրավունքները կարող են պատկանել արժեթղթում նշված անձին, ով կարող է ինքն իրականացնել այդ իրավունքները կամ իր կարգադրությամբ (հրամանով) նշանակել այլ իրավազոր անձի:
«Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է արժեթուղթը տված կազմակերպության գտնվելու վայրի դատարան» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net