Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Քաղաքացիական իրավունքում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պատճառած անձի գործողությունների պատճառահետևանքային կապով, մեղքի առկայությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
«Անձի` իրավունքների և ազատությունների (թեկուզև ենթադրյալ) դատական պաշտպանության իրավունքի իրականացումը ինքնին չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն կամ որպես այլ անձին (մասնավորապես, դատավարության մյուս կողմին) վնաս պատճառելու դրսևորում»,-Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը։
Իրավաբանի խոսքով` անձը, դիմելով դատական պաշտպանության, իրացնում է իր` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը։ Հետևաբար, պատասխանողի կատարած ծախսերը կապված տվյալ գործով իրավաբանական օգնություն ստանալու հետ, չեն կարող դիտվել որպես վնասներ։
Միակ բացառությունն օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել։
Աղբյուրը` Իրավաբան.net