Աֆեկտը կարճատև արտահայտված ոչ կայուն հուզական վիճակ է, որն ամբողջովին և արագ կլանում է մարդուն

Աֆեկտը լինում է երկու տեսակի ըստ առաջացման գործոնների` իրավիճակային և կուտակողական, իսկ ըստ աֆեկտի ուժգնության` ֆիզիոլոգիական և պաթոլոգիկ (ախտաբանական):
Ֆիզիոլոգիական աֆեկտի դեպքում մարդու մոտ զգալիորեն թուլանում է իր արարքների կամային վերահսկողության ընդունակությունը, տեղի է ունենում գիտակցական գործընթացի արգելակում: Ֆիզիոլոգիական աֆեկտի դեպքում անձի գիտակցական գործունեությունն ապակազմակերպվում է, բայց լիովին չի բացառվում: Այս է պատճառը, որ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում կատարված արարքները համարվում են հանցավոր, սակայն համարվում են մեղմացնող հանգամանքներում կատարված, իսկ պաթոլոգիկ աֆեկտը` հուզական մի այնպիսի ուժգին բռնկում է, որը լիովին մթագնում է մարդու գիտակցությունը և դառնում անկառավարելի գործողությունների պատճառ: Պաթոլոգիկ աֆեկտը բացառում է պատասխանատվությունը քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և անձը ճանաչվում է անմեղսունակ` ազատվելով քրեական պատասխանատվությունից և պատժից:
Աֆեկտը սովորաբար շատ կարճ է տևում` մի քանի վայրկյանից մինչև րոպեներ, առաջանում է հակաիրավական և հակաբարոյական գործողությունների հետևանքով (այդ գործողությունները պարտադիր պետք է կատարի տուժողը): Աֆեկտի ընթացքում տեղի է ունենում ուժերի մոբիլիզացիա, աֆեկտը կարող է ուղեկցվել հիշողության կորստով և աֆեկտից հետո տեղի է ունենում ուժասպառության վիճակ:
«Հոգեկան խիստ հուզմունք» և «Ֆիզիոլոգիական աֆեկտ» հասկացությունները օրենսդրությամբ նույնացվում են, սակայն «Հոգեկան խիստ հուզմունքը» ավելի լայն հասկացություն է քան «Ֆիզիոլոգիական աֆեկտը»: Աֆեկտից բացի մի շարք հոգեկան վիճակներ ևս կարող են ճանաչվել որպես հոգեկան խիստ հուզմունք:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել