Ինչպես գիտենք, ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Իսկ եթե ամուսիններից մեկը օտարում է համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը, և գնորդը տեղյակ է լինում վաճառողի` ամուսնացած լինելու, հետևաբար նաև, գույքը` ամուսիններին համատեղ սեփականության իրավունքով պատկանելու հանգամանքի մասին:
Արդյո՞ք նշվածը կարող է հիմք հանդիսանալ գործարքն անվավեր ճանաչելու համար:
Պատասխանը միանշանակ բացասական է` հետևյալ պատճառաբանությամբ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:
«Սեփականության մասնակիցների՝ ամուսիններ հանդիսանալու փաստի հաստատումը բավարար հիմք չէ ենթադրելու, որ ամուսիններից մեկը համատեղ գույքը տնօրինելու լիազորություն չի ունեցել»,- Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` համատեղ uեփականության մաuնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր uեփականության տնoրինման գործարքն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`
1) համատեղ uեփականության մաuնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն,
2) գործարքի մյուս կողմի՝ այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը։
Աղբյուրը` Իրավաբան.net