Նոտարական գործողությունների իրականացումը և նոտարի մատուցած ծառայությունները վճարովի են: Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարը վճարվում է նոտարին:
Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայությունների համար ստացված վճարները տնօրինում է նոտարը:
Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարը գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
Նոտարն իրավունք ունի ստանալու փոխհատուցում` նոտարական գործողությունների կատարման ընթացքում իր կատարած կամ կատարելիք տրանսպորտային, փոստային, հեռահաղորդակցության, բանկային, վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանման կամ ապացույցների ապահովման հետ կապված, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսերի չափով:
Նոտարի մատուցած ծառայությունների համար վճարի չափը սահմանում է նոտարը, մինչդեռ նոտարական գործողությունների սակագները հաստատում է կառավարությունը:
Համաձայն կառավարության որոշման` նոտարի կողմից կատարվող յուրաքանչյուր նոտարական գործողության համար վճարը ներառում է տվյալ նոտարական գործողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այդ թվում՝ օրինակելի ձևերով փաստաթղթերի պատրաստումը և տրամադրումը, բացառությամբ որոշմամբ նախատեսված դեպքերի:
Նոտարի կողմից իր գրասենյակից դուրս նոտարական գործողություններ կատարելու դեպքում կարող է գանձվել լրացուցիչ վճար` ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով:
Նոտարի կողմից վավերացված նոտարական փաստաթղթերում թույլ տրված գրավրիպակների, թվաբանական սխալների ուղղումը և արդյունքում նոր նոտարական փաստաթղթերի տրամադրումը համապատասխան նոտարի կողմից կատարվում է անվճար:
Նոտարի կողմից վավերացված փաստաթղթի նոտարական վավերացմամբ յուրաքանչյուր կրկնօրինակի տրամադրման համար վճարվում է հիմնական փաստաթղթի համար ծառայության վճարի մեկ քառորդը:
Ի դեպ, նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները պետք է փակցված լինեն նոտարական գրասենյակում՝ նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում:
Աղբյուրը` Իրավաբան.net