Մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը նրա դիմումի հիման վրա վերացնում է նրան մահացած ճանաչելու մասին վճիռը:
Անկախ իր հայտնվելու ժամանակից` քաղաքացին իրավունք ունի յուրաքանչյուր անձից հետ պահանջել պահպանված գույքը, որն անհատույց անցել էր այդ անձին` քաղաքացուն մահացած ճանաչելուց հետո, բացառությամբ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 275 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի (Դրամական միջոցները, ինչպես նաև ըստ ներկայացնողի արժեթղթերը չեն կարող հետ պահանջվել բարեխիղճ ձեռք բերողից):
«Մահացած ճանաչված քաղաքացու գույքը հատուցելի գործարքներով ձեռք բերած անձինք պարտավոր են նրան վերադարձնել այդ գույքը, եթե ապացուցվում է, որ գույքը ձեռք բերելիս նրանք գիտեին, որ մահացած ճանաչված քաղաքացին կենդանի է: Այդ գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցվում է դրա արժեքը »- Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Փաստաբանի խոսքով` եթե մահացած ճանաչված քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին և իրացվել է վերը նշված պայմանների պահպանմամբ, ապա քաղաքացուն մահացած ճանաչելու մասին վճիռը վերացվելուց հետո նրան է վերադարձվում գույքի իրացումից ստացված գումարը:
Քաղաքացուն մահացած ճանաչելու վճիռը վերացնելու վերաբերյալ վճռի հիման վրա վերացվում է գույքի նկատմամբ խնամակալությունը, և չեղյալ է համարվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում նրա մահվան վերաբերյալ գրառումը:
Աղբյուրը` Իրավաբան.net