Ժամանակակից կյանքում, երբ հսկայական հեռավորության հաղթահարումը կարող է տևել հաշված րոպեներ, համապատասխան փոխադրումներ իրականացնողներին ներկայացվում են բազմաթիվ պահանջներ, այդ թվում` նրանց կողմից պատճառված վնասի հատուցման պարտականություն:
Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին 1999 թվականի Մոնրեալի կոնվենցիան նախորդ` Վարշավայի կոնվենցիայի համեմատությամբ նախատեսում է փոխադրողի բարձր պատասխանատվություն: Կոնվենցիան վավերացրել է նաև Հայաստանի Հանրապետությունը:
Նշված Կոնվենցիայի համաձայն` օդային փոխադրումներ իրականացնողը` Փոխադրողը, պատասխանատվություն է կրում բեռի ոչնչացման, կորստի կամ վնասվելու դեպքում տեղի ունեցած վնասի համար՝ միայն պայմանով, որ այդպիսի վնասի պատճառ դարձած դեպքը տեղի է ունեցել օդային փոխադրման ժամանակ: Սակայն փոխադրողը պատասխանատվություն չի կրում այնքանով, որքանով նա կապացուցի, որ բեռի ոչնչացումը, կորուստը կամ վնասվելը տեղի է ունեցել ստորև թվարկված հանգամանքներից մեկի կամ մի քանիսի հետևանքով.
ա) բեռին բնորոշ թերության, որակի կամ վնասվածքի,
բ) որևէ անձի կողմից (բացառությամբ փոխադրողի, նրա ծառայողների կամ գործակալների) բեռի ոչ ճիշտ փաթեթավորման,
գ) պատերազմական գործողության կամ զինված հակամարտության,
դ) բեռի ներմուծման, արտահանման կամ տարանցման հետ կապված պետական մարմինների կողմից իրականացված գործողության:
Իրականացվող օդային փոխադրումն ընդգրկում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում բեռը գտնվում է փոխադրողի պահպանության ներքո:
Օդային փոխադրման ժամանակահատվածը չի տարածվում օդանավակայանից դուրս իրականացված` վերգետնյա, ծովային կամ ներքին ջրային ճանապարհով որևէ փոխադրման վրա: Եթե, այնուամենայնիվ, նման փոխադրումն իրականացվում է բեռնման, հանձնման կամ փոխաբեռնման նպատակներով՝ օդային փոխադրման պայմանագրի համաձայն, ցանկացած վնաս, եթե հակառակը ապացուցված չէ, համարվում է օդային փոխադրման ժամանակ տեղի ունեցած դեպքի հետևանք: Եթե փոխադրողը, առանց առաքողի համաձայնության, ամբողջովին կամ մասնակիորեն փոխարինում է փոխադրումը տրանսպորտի որևէ այլ տեսակի փոխադրմամբ, որը, ըստ կողմերի միջև համաձայնության, ենթադրվում էր իրականացնել օդով, այդպիսի փոխադրումը համարվում է օդային փոխադրման ժամանակահատվածում իրականացված փոխադրում:
Աղբյուրը` Իրավաբան.net