Քաղաքացիների վրա վատ ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հարցը՝ խորհրդարանական լսումների առարկա

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկվեց «Մեծահասակների կրթության մասին», «Թատրոնի և թատերական գործունեության մասին» և «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը:

.
Նախագծերի համահեղինակ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ «Մեծահասակների կրթության մասին» և «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, կրթության և գիտության նախարարության հետ ձեռք բերված համաձայնությամբ, կվերանայվեն և նորից կներկայացվեն համատեղ աշխատանքից հետո: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ առաջարկել է վերանայել «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Տեղեկացնում են ՀՀ Ազգային Ժողովից:

.
Հեղինակի առաջարկով հանձնաժողովը որոշեց մինչև մեկ տարի ժամկետով հետաձգել նիստի օրակարգում ընդգրկված երեք նախագծերի քննարկումը:

.

Պատգամավորները քննարկեցին նաև այլ հարցեր:

.

Արտակ Դավթյանն առաջարկեց նոյեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու քաղաքացիների վրա վատ ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հարցը: Հանձնաժողովի նախագահի առաջարկով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մշակած չափորոշիչների հիման վրա լսումներից հետո կմշակվի և շրջանառության մեջ կդրվի օրենսդրական նախաձեռնություն:

.
Արտակ Դավթյանն առաջարկեց այլ հանձնաժողովների հետ միասին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպել երեխաների պաշտպանության, ներառական կրթության խնդիրներին նվիրված արտագնա նիստ, որին մասնակցելու հրավեր կուղարկվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործընկերներին:

.
Հանձնաժողովի նախագահի մյուս առաջարկը վերաբերում էր հանձնաժողովի՝ Շուշիում արտագնա նիստ անցկացնելուն:

.
Հանձնաժողովի անդամներն ընդունեցին բոլոր առաջարկները:

.
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել