Անալոգիան գիտելիքների բազմապատկման համար կարևոր նշանակություն ունեցող մտահանգման ձև է: Մտահանգումը անալոգիայի միջոցով հատուկ դեր ունի հասարակական պատմական գիտություններում` երբեմն հանդիսանալով ուսումնասիրության միակ հնարավոր մեթոդ: Չունենալով անհրաժեշտ տեղեկատվություն` պատմաբանը կարող է բացատրել պատմական իրադարձությունը համանման այլ իրավիճակների օգտագործմամբ:
Անալոգիան լայնորեն կիրառվում է նաև քաղաքացիական իրավունքում: Մասնավորապես` այն դեպքերում, երբ քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորման ենթակա հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, և բացակայում է դրանց նկատմամբ կիրառելի գործարար շրջանառության սովորույթը, նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող քաղաքացիական օրենսդրության նորմերը, այսինքն՝ կիրառվում է օրենքի անալոգիա:
Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են` ելնելով քաղաքացիական օրենսդրության սկզբունքներից, այսինքն՝ կիրառվում է իրավունքի անալոգիա:
Քաղաքացիական իրավունքները սահմանափակող և պատասխանատվություն սահմանող նորմերի կիրառումն անալոգիայով չի թույլատրվում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net