Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:
Անհատ ձեռնարկատերն ունի օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ:
Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, անհատ ձեռնարկատերը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա:
Անհատ ձեռնարկատիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:
Անհատ ձեռնարկատերն ունի գույք` սեփականության իրավունքով, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Նա կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Անհատ ձեռնարկատերն ունի քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի`
ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.
բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ.
գ) լինել հավատարմագրային կառավարիչ.
դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.
ե) ունենալ բանկում հաշվարկային հաշիվ.
զ) ունենալ վարձու աշխատողներ.
է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
Աղբյուրը` Իրավաբան.net