1970-ական թվականներին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի մունիցիպալ ծառայությունում աշխատում էր Տիվ Գուստավսոնը: Վերջինս, ի դեպ, շուն էր, որը կարողանում էր հաչել գրեթե բոլոր ցեղատեսակների շների նման: Նրա աշխատանքը քաղաքի փողոցներում հաչելն էր` փոխադարձ հաչոցներ «կորզելու» համար: Այդ կերպ նա տեղեկատվություն էր տրամադրում համապատասխան մարմիններն այն մասին, թե ովքեր են շուն պահում` խուսափելով կենդանիներին հաշվառելուց և հարկ վճարելուց:
Երևան քաղաքում ևս տնային կենդանիները, այդ թվում` շները ենթակա են հաշվառման:
Մասնավորապես, Երևան քաղաքի ավագանու որոշման համաձայն` տնային կենդանիները, այդ թվում շները, ենթակա են հաշվառման սկսած վեց ամսական հասակից։
«Հաշվառումն իրականացնում է վարչական շրջանի ղեկավարը՝ կենդանիների քանակի և դրանց կուտակումների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկությունների հավաքագրման միջոցով բնակչության իրավունքների և շահերի հաշվառմամբ կենդանիների պահման համար համալիր միջոցառումների պլանավորման և կատարման նպատակով»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասրդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` կենդանիների հաշվառումն իրականացվում է դրանց ձեռքբերման կամ Երևանի վարչական տարածք ներմուծման պահից 15-օրյա ժամկետում։
Հաշվառման արդյունքում տիրապետողին տրվում է գրանցման վկայական և անհատականացնող համար։ Հաշվառման մասին նշում է կատարվում կենդանիների հաշվառման գրքում։
Կենդանուն անհատականացնող համարը նշվում է կենդանու վզնոցի վրա:
Իրավաբանի փոխանցմամբ` նույն որոշմամբ սահմանվել են նաև Երևան քաղաքում շուն պահելու կանոնները, համաձայն որի` շանը տարածքից դուրս բերելը կամ ներս տանելը պետք է իրականացվի կապով, որի երկարությունը թույլ է տալիս հսկել շան վարքը: Մարդկանց և ուրիշ կենդանիներին սպառնացող շները (մարտական, ծառայողական, պարեկային և այլ ցեղատեսակի շներ, որոնք կարող են լինել ագրեսիվ և վտանգավոր մարդու կամ այլ կենդանու կյանքի կամ առողջության համար, այսուհետ` ագրեսիվ շուն) պետք է ունենան դնչկալներ։
Ագրեսիվ շներին պետք է պահել դնչկալով՝ մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, մարդաշատ վայրերում և երթևեկության հատման մասերում։
Բնակելի թաղամասերում ագրեսիվ շների զբոսանքը թույլատրվում է իրականացնել միայն դնչկալի և կապի առկայության դեպքում:
Հասարակական վայրերում տիրապետողը պետք է ագրեսիվ շանը պահի կարճ կապի վրա և դնչկալով։
Ագրեսիվ շների ցանկը սահմանում է Երևանի քաղաքապետը:
Աղբյուրը` Իրավաբան.net