Օրենսդրությամբ սահմանված են մի շարք դեպքեր, երբ հրապարակային ծանուցումը պարտադիր է, ինչպես օրինակ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքի կամ իրավունքի աճուրդի մասին ծանուցումը: Այդպիսի ծանուցումներին ներկայացվում են մի շարք պահանջներ, մասնավորապես`
1. հրապարակող անձը հրապարակային ծանուցման տեքստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած էլեկտրոնային ձևաչափով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
2. Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հրապարակային ծանուցման հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում հրապարակային ծանուցման տեքստը պետք է ներկայացվի գործակալություն սահմանված ժամկետից առնվազն մեկ օր առաջ:
3. Հրապարակային ծանուցումը պետք է ներկայացնի այն հրապարակելու լիազորություն ունեցող անձը կամ նրա լիազորած անձը:
4. Հրապարակային ծանուցման բովանդակության համար պատասխանատու է այն հրապարակող անձը: Հրապարակային ծանուցումը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ ծանուցման հրապարակումը:
5. Հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Հրապարակային ծանուցումը պետք է շարադրված լինի Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով:
7. Տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ: Արգելվում է կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, օգտագործել բարոյականության սկզբունքներին հակասող բառեր: Թույլատրվում է բառերի կամ տերմինների համընդհանուր օգտագործման հապավումների օգտագործում:
8. Հրապարակային ծանուցման անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում կայքը վարող անձը պարտավոր է ինքնուրույն ուղղել այն սխալները և վրիպակները, որոնց ուղղման դեպքում չի արատավորվի հրապարակային ծանուցման բովանդակությունը, և այդ մասին պարտավոր է մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնել հրապարակային ծանուցում հրապարակող անձին:
Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է` www.azdarar.am: Կայքի վարման և տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net