Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի և դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն`
1) արդարադատության նախարարը.
2) Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը:
Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի և պալատի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն՝
1) վճռաբեկ դատարանի նախագահը.
2) Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը՝ Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ:
Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը՝ Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ:
ՙԿարգապահական վարույթ հարուցելու համար առիթ կարող են հանդիսանալ՝
1) վճռաբեկ դատարանի որոշումը, որով հաստատվել է, որ արդարադատություն իրականացնելիս գործը կամ հարցը ըստ էության լուծելիս կայացվել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, կամ արդարադատություն իրականացնելիս դատավորը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում.
2) անձի դիմումը.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը.
4) Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությունը.
5) դատական պրակտիկայի ամփոփման կամ ուսումնասիրման արդյունքներով կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի հայտնաբերումը.
6) վարույթ հարուցող անձանց կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:
7) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս Հայաստանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում:
«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանի խոսքով` վերը նշված 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դիմումը, հաղորդումը կամ միջնորդությունը, որ չի պարունակում դատավորի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի կատարման մասին առերևույթ հիմքեր, առանց քննության վերադարձվում է դրանք ներկայացնող անձին:
1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դիմումի, հաղորդման կամ միջնորդության հիման վրա վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցողը պարտավոր չէ իր պատասխանում հիմնավորել վարույթ չհարուցելու պատճառները:
Աղբյուրը` Իրավաբան.net