2013 թվականի սեպտեմբերի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1000 ուսանողների ուսման վարձավճարներն ուսանողական նպաստի միջոցով, ամբողջությամբ կամ մասնակիորեն, կհատկացվի պետության կողմից: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Գործադիրն իր հոկտեմբերի 10-ի նիստում արդեն իսկ հաստատել է ուսման վճարի մասնակի փոխհատուցման տրամադրման նոր կարգն` անապահով ընտանիքների ուսանողների համար 50-ից մինչև 100 տոկոս ուսման վարձի վճարի փոխհատուցման տարբերակներով: Հայտնում են ՀՀ կառավարությունից:
«Սա ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է: Հարցը գտնվում է նաև ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում: Այսպիսով, անապահով ընտանիքների երեխաներն այլևս չեն մտահոգվի իրենց ուսման վարձի շուրջ և կկարողանան ստանալ բարձրագույն կրթություն պետության աջակցությամբ»,- ասել է Աշոտյանը: Նախարարի տեղեկացմամբ՝ մինչև 2015 թվականն այս համակարգից օգտվող ուսանողների թիվը կհասնի 2500-ի:
Աղբյւորը` Իրավաբան.net