Քրեական գործերով արդարադատության իրականացման հիմնական ակտը դատավճիռն է: Դատավճիռը կայացվում է միայն դատարանի կողմից, օրենքով սահմանված կարգով և բովանդակում է քրեական գործով առանցքային հարցերի լուծումներ: Դատավճռի կայացումը դատական քննության եզրափակիչ փուլն է: Դատավճիռը դատական նիստում կայացված դատարանի որոշումն է ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության, նրա նկատմամբ պատիժ կիրառելու կամ չկիրառելու և այլ հարցերով:
Դատարանի դատավճիռը կարող է լինել մեղադրական կամ արդարացման: Ամբաստանյալին մեղավոր ճանաչելու դեպքում կայացվում է մեղադրական դատավճիռ, իսկ արդարացման դատավճիռը ճանաչում և հռչակում է հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի անմեղությունը` այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ:
Յուրաքանչյուր քրեական գործով միևնույն դատական քննության ընթացքում դատարանը կայացնում է միայն մեկ դատավճիռ: Անգամ եթե ամբաստանյալը մեղադրվում է մի քանի հանցագործությունների կատրաման մեջ և դրանցից մեկով ճանաչվում է մեղավոր, իսկ մյուսով` անմեղ, դատարանը կայացնում է մեկ դատավճիռ, որում նշում է մեկ հանցագործության համար ամբաստանյալին մեղավոր ճանաչելու, իսկ մյուսներով` նրան արդարացնելու մասին: Այդպիսի դատավճիռը համարվում է մեղադրական:
Դատարանը պարտավոր է դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ այն դեպքում, երբ գալիս է եզրահանգման, որ բացակայում է հանցագործության դեպքը, կամ արարքի մեջ հանցակազմ չկա, կամ վնաս պատճառած արարքը քրեական օրենսգրքով համարվում է օրինաչափ, ինչպես նաև այն դեպքում, երբ կատարված հանցագործությանը չի ապացուցվում մեղադրյալի մասնակցությունը, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները: Արդարացման դատավճիռը, անկախ արդարացման հիմքից, ամբողջությամբ ռեաբիլիտացնում են ամբաստանյալին: Արգելվում է արդարացման դատվճռում տալ ձևակերպումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել ամբաստանյալի անմեղությունը: Դատարանը պարտավոր է արդարացվածին պարզաբանել անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և այլ գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում ստանալու նրա իրավունքը և վնասի հատուցման կարգը:
Եթե արդարացման դատավճիռ կայացնելիս անհայտ է մնում հանցանքը կատարած անձը, դատարանը դատավճիռն օրինկան ուժի մեջ մտնելուց հետո գործն ուղարկում է դատախազին` լուծելու նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:
Ճիշտ է օրենքը հստակ սահմանում է` երբ դատաքննության ժամանակ ապացուցվում է, որ հանցագործության մեջ մեղադրվողը անմեղ է կամ չեն ապացուցվել նրա մեղավորությունը և չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ վերջինիս, ապա դատարանը կայացնում է արդարացման դատավճիռ: Իսկ թե պրակտիկայում եղել են արդյոք քրեական գործերով արդարադատության իրականացում արդարացման դատավճռով, ապա վերջերս Շիրակի մարզի դատավորներից մեկի հետ զրույցում վերջինս նշեց, որ աշխատանքային երկար տարիների ընթացքում դեռևս, համենայնդեպս Շիրակի մարզում, չի եղել նման դեպք, երբ կայացվի արդարացման դատավճիռ: Դատավորը նշեց, որ եղել են դեպքեր երբ հանցագործության մեջ մեղադրվողը արդարացվել է միայն մասնակիորեն, այսինքն, երբ մի քանի հանցագործության մեջ մեղադրվողի մեղավորությունը ապացուցվել և հիմանավորվել է միայն մեկ հանցագործություն կատարելու մեջ և կայացվել է մեղադրական դատավճիռ: Վերջում հավելեց, որ լսել է արդարացման դատավճռի կայացման դեպք Լոռու մարզում, իսկ թե կոնկրետ երբ և ինչ հանցագրծության մեջ, դժվարացավ պատասխանել:
Ի վերջո հույս ունենք, որ նախաքննության մարմինների հմուտ աշխատանքի շնորհիվ է, որ որևէ մեկի նկատմամբ առանց բավարար հիմքերի չի հարուցվում քրեական հետապնդում, անմեղ անձինք չեն ներգրավվում որպես մեղադրյալներ և չեն կանգնում արդարադատության առջև, այլ կանխվում է և գործը կարճվում է դեռևս նախաքննության փուլում:
Վերջում որպես հավելում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանաված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով (ՀՀ Սահմ. 21 հոդվ.)
Աղբյուրը` Իրավաբան.net