Համաձայն ՀՀ աշխանաքային օրենսգրքի 14-րդ հոդվածի`աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային oրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից կարելի է հանգել այն եզրակացության, որ աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը կարող է հաստատվել միայն գրավոր պայմանագրի առկայության դեպքում:
Նման պայմաններում հարց է առաջանում` արդյո˚ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը բացառում է առանց աշխատանքային պայմանագրի կնքման աշխատող անձի իրավունքների, այդ թվում` դատական, պաշտպանության հնարավորությունը փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության դեպքում, և արդյո˚ք օրենսդրությունը երաշխավորում է առանց գրավոր աշխատանքային պայմանագրի կնքման աշխատող անձի փաստացի կատարած աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի պաշտպանության հնարավորություն` փաստացի աշխատանքային հարաբերություններում:
Վերը նշված հարցի վերաբերյալ Իրավաբան.net-ի լրագրողը զրուցեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի հետ:
Իրավաբանի խոսքով` նշված խնդրի շուրջ առավել հստակ դիրքորոշում է հայտնել ՀՀ Սահմանադական դատարանը իր` 18 հուլիսի 2012 թվականի Գալուստ Շահինյանի դիմումի հիման վրա կայացրած որոշմամբ:
Մասնավորապես, Սահմանադրական դատարանը պարզաբանել է, որ ինչպես վկայում է միջազգային փորձը, աշխատանքային պայմանագրի ձևի ընտրությունը, աշխատանքային պայմանագրի ազատության սկզբունքին համապատասխան, ազատ է և թողնված է կողմերի կամաարտահայտությանը, թեև առկա է նաև գրավոր ձևին նախապատվություն տալու միտումը:
Միաժամանակ պետք է նշել, որ ՀՀ օրենսդրությունը աշխատանքային իրավահարաբերությունների ծագման միակ հիմքը դիտում է գրավոր պայմանագիրը:
Նմանատիպ նորմ է պարունակում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետը: Մասնավորապես նշված հոդվածում ասվում է, որ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հավաստումն գործարքի ու դրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից:
Ի˚նչ է ստացվում. խախտվում են անձի` միջազգային և ներպետական օրենսդրությամբ երաշխավորված իրավունքները, հատկապես եթե հաշվի առնենք, որ գրավոր պայմանագիր չկնքելը հիմնականում պայմանավորված է լինում գործատուի ցանկությամբ և մեղքով:
«Հաշվի առնելով մարդու իրավունքների առաջնայնության սկզբունքը` Սահմանադրական դատարանն իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում աշխատանքային պարտականությունների կատարման առկայության` հիմնավոր ապացույցներով փաստումը հիմք է առանց գրավոր աշխատանքային պայմանագրի կնքման իր աշխատանքային պարտականությունների կատարմանն անցած անձին իր իրավունքների, այդ թվում` համարժեք հատուցման պահանջի պաշտպանություն տրամադրելու համար» ,-հայտնում է Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net