Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:
Որպես պատիժ` սահմանված է տուգանք՝ 100 000 – 200 000 դրամի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոններ խախտել ասելով` հասկանում ենք պայթյունավտանգ օբյեկտներում աշխատանքներ իրականացնելիս արտադրական, տեխնոլոգիական կարգապահության խախտումը:
Պայթյունավտանգ օբյեկտներ են այն կազմակերպությունները, արտադրամասերը կամ տեխնոլոգիական սարքավորումները, որոնցում օգտագործվում կամ արտադրվում են պայթուցիկ նյութեր, կամ արտազատվում են պայթուցիկ գազեր, կամ աշխատանքները կատարվում են պայթյունավտանգ միջավայրում:
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
Աղբյուրը` Իրավաբան.net