Հաստատվել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը

ՀՀ միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման և սերվերային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնելու կապակցությամբ մրցույթ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ համակարգի ծրագրային ապահովման մշակումը, սերվերային ենթակառուցվածքի նախագծումը, մատակարարումն ու տեղադրումը, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող 6 բուժհաստատություններում պիլոտային փորձարկումն իրականացվել է 2014-2015թթ. ընթացքում՝ Համաշխարհային բանկի պետական հատվածի բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակում:

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է համակարգի ամբողջական ներդրումը ՀՀ բոլոր բուժհաստատություններում իրականացնել 2017 թվականին:

Որոշմամբ առաջարկվում է հայտարարել մրցույթ, որի ընթացքում հաղթող ճանաչված կազմակերպությունը կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պայմաններով կապահովի համակարգի տեխնիկական սպասարկումն ու շահագործումն, ինչպես նաև պատասխանատու կլինի համակարգի հետագա բարելավման և վերազինման համար:

Որոշմամբ հաստատվել է նաև բժշկական օգնություն, սպասարկում և դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված սուբյեկտներում համակարգի ներդրման ժամանակացույցը:

Կարևորելով էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը՝ գործադիրի ղեկավարը ՀՀ առողջապության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվել է, թե արդյոք այդ համակարգի կիրառումը կնպաստի ծախսերի կրճատմանը: Նախարարը պատասխանել է, որ համակարգի ներդրման արդյունքում անպայման կլինի ծախսերի կրճատում, քանի որ այն ծառայելու է որպես պետպատվերի վերահսկման գործիք: Կարեն Կարապետյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել և անցկացնել համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթը և ապահովել համապատասխան իրազեկումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել