Ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անցկացրել է ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ հանդես է եկել ելույթով: Սարգսյանն անդրադարձել է նաև խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ձևավորվող դաշինքներին՝ նշելով, որ դա շատ առողջ և ողջունելի գործընթաց է: Նա իր խոսքում մասնավորապես ասել է.

«Հիշում եք, սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում մենք պնդում էինք, որ տեղի կունենա քաղաքական հաստատությունների, քաղաքական ինստիտուտների խոշորացում, կձևավորվեն դաշինքներ, և կունենանք շատ ավելի կայուն և արդյունավետ քաղաքական դաշտ: Անցել է ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի, և ահա, խնդրեմ, տեսեք, որ մենք ճիշտ էինք պատկերացնում գործընթացը: Մենք առնվազն մի տասնհինգ տարի լսում էինք, որ մեր երկրում քաղաքական դաշտը կայացած չէ, որ մեր երկրում կուսակցությունները չեն խոշորանում: Խոսում էինք, յուրաքանչյուրը տարբեր դեղատոմսեր էր առաջարկում, բայց գործընթաց չէր ընթանում: Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո այդ դաշինքները կդառնան կուսակցություններ: Մնացած փոքր կուսակցությունները, անշուշտ, կմնան, բայց նրանք այլևս որևէ դերակատարում չեն ունենա, կուսակցությունները կխոշորանան: Դա մեր երկրին անհրաժեշտ է, և ուզում եմ, որ առաջին հերթին դուք, այնուհետև նաև մեր ժողովուրդը վստահ լինեն, որ այն գաղափարները, որոնք դարձել են Սահմանադրություն, այսպես են լինելու: Կարող են լինել որոշակի անհարթություններ, որոշակի թեթև խնդիրներ առաջանալ, բայց մենք համակարգ ենք փոխում, նոր համակարգ ենք ստեղծում, և այդ պարագայում անհարթությունները, այդ եղած փոքր խնդիրները, կարծում եմ, որևէ խոչընդոտ չեն և չեն կարող դառնալ խնդիրներ: Մարդ մի տուն է կառուցում, հարյուրավոր խնդիրներ են առաջանում, հետո մտքին դնում է երկրորդը կառուցել իր սխալների, իրեն դուր չեկածի վրա, իսկ մենք պետության կառավարման համակարգ ենք փոխում, և բոլորս այստեղ պետք է շատ համոզված լինենք:

Մի քանի խոսք, ընդամենը երկու բառ այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և դաշինքներ ձևավորվելու մասին: Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երևույթ եմ համարում: Մյուս հարցը առավել քան ծիծաղելի է. ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»,-եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել