Ֆինանսական համակարգի հաշտարարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն և առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ:
Ֆինանսական համակարգի հաշտարար չի կարող լինել այն անձը, ով վերջին երեք տարիների ընթացքում աշխատել է որևէ Կազմակերպությունում: Կազմակերպություն է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիա ունեցող անձը (բացառությամբ արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործարքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց, ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բյուրո):
Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, և պետք է զերծ մնա իր անկախությունը և անաչառությունը կասկածի տակ դնող գործողություններից:
Ֆինանսական համակարգի հաշտարար չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
3) դատավճռով զրկվել է իրավաբանական կամ ֆինանսական ոլորտներում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Աղբյուրը` Իրավաբան.net