Պատվիրակությունը` նախագահ Շտեֆան Հարաբինի գլխավորությամբ, հոկտեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և պալատների նախագահներին:
.
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյայնը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց Սլովակիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինին Սլովակիայի Հանրապետության կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման, Սլովակիայի Հանրապետությունում ցեղասպանությունը ժխտելու առթիվ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունման, Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության դատական համակարգերի միջև կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
.
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների դատական իշխանության վերաբերյալ հարցեր: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կառուցվածքն ու առանձնահատկությունները:
.
Շ.Հարաբինը պատասխան խոսքով շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և կարևորեց դատական համակարգերի միջև սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը:
.
Սլովակիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը մասնավորապես նշեց, որ Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի օրենսդրական կարգավորումները շատ ավելի արդյունավետ են, քան Սլովակիայի Հանրապետությունում: Նա մատնանշեց նաև Հայաստանի Հանրապետությունում մասնագիտացված դատարանների և դատավորների առկայությունն ու կարևորությունը, որը Սլովակիայի Հանրապետությունում բացակայում է:
.
Այնուհետև կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք իրավական խնդիրներ:
.
Պատվիրակության այցելության ծրագիրը մշակվել է այնպես, որ նրանք հնարավորություն ունենան ծանոթանալու ոչ միայն դատական համակարգի գործունեությանը և շենքային պայմաններին, այցելել բոլոր ատյանի դատարաններ, այլ նաև հնարավորություն և ժամանակ ունենան ծանոթանալու Հայաստանի Հանրապետության պատմամշակութային արժեքներին և այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր: Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտը:
.
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 11-ին նախագահ Շտեֆան Հարաբինը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ կայցելի Ծիծեռնակաբերդ։
.
Աղբյուրը` Իրավաբան.net