Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում նախատեսված միջոցառումները ժամանակին իրականացնելը ՀՀ արդարադատության նախարարի պատվի խնդիրն է:
.
Այս մասին Իրավաբան.net-ին այսօր հայտնեց Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով իրենք ռազմավարական ծրագրում նախատեսված գործողությունների կատարման ժամանակից դեռ մի փոքր էլ առաջ են ընկել:
.
«Ծրագրով նախատեսված գործողությունների պլանով շատ հստակ ընթանում ենք: Արդեն իսկ մենք գործողությունների պլանից առաջ ենք գնացել ՀՀ «Դատական օրենսգրքի» փոփոխություններով, ծրագրից ավելի առաջ ենք ՀՀ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» փոփոխություններով, շրջանառության մեջ է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի հայեցակարգը, նաև ՀՀ «Վարչական դատավարության օրենսգիրքը»: ՀՀ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքն արդեն իսկ Կառավարությունում է և օրերս կուղարկվի Ազգային ժողով»,- ասաց Հրայր Թովմասյանը:
,
Ռազմավարական ծրագրով նախատեսված հաջորդ քայլը դատավորների քննությունների կազմակերպումն է, ինչպես նաև ՀՀ «Քրեական օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները:
.
Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ ինքը վաղը մեկնում է Գերմանիա, որտեղ մի շարք հարցերի հետ քննարկվելու է նաև ՀՀ «Քրեական օրենսգրքի» նախնական հայեցակարգը:
.
Հրայր Թովմասյանն իր խոսքում նշեց, որ դատաիրավական բարեփոխումների ծրագրի իրականացումից հետո դատաիրավական համակարգում չենք ունենալու այն խնդիրները, որն այսօր ունենք:
.
Նունե Հովսեփյան
.
Աղբյուրը՝ Իրավաբան.net