Հունվարի 7-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Նելսոն Ստեփանյան թաղամասի տներից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ս. Վ.-ին պատկանող երկհարկանի տան առաջին հարկում գտնվող քարե ավտոտնակում (մոտ 50 քմ), ինչի հետևանքով տան բնակիչ Մ. Վ.-ը (1994 թ. ծնված) ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ. Վ.-ը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.19-ին, մարվել՝ 14.36-ին:
Այրվել է ավտոտնակի գույքը՝ ամբողջությամբ: