Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է փաստաբան Արթուր Սուքիասյանը։
-Ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
-Ձեռքբերումներ շատ են եղել և տարբեր բնագավառներում: Դրանց մեծ մասին հաջողվել է հասնել նախորդ տարիներին կատարված աշխատանքների և ներդրումների շնորհիվ: Բնականաբար, բացթողումներ էլ են եղել, որոնք փորձելու եմ շտկել 2017 թվականին:
-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
-Տարվա ընթացքում պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետներ եղել են, բայց դժվարանում եմ որևէ մեկին առանձնացնել:
-Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:
-ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ դատական ակտը բեկանվել էր, սակայն դատական ծախսերի մասով վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշվել էր, որ այդ մասով վճիռը թողնվում է անփոփոխ: Ենթադրում եմ, որ դա անուշադրության արդյունք էր: Սակայն ավելի զավեշտալին այն էր, որ առաջին ատյանի դատարանը հրաժարվեց տալ կատարողական թերթ վճռի օրինական ուժի մեջ մտած մասով: Այդ կերպ առաջին ատյանի դատարանն, ըստ էության, ծածկեց վերաքննիչ դատարանի թույլ տրված սխալը:
-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
-Ամենից շատ զարմացնում են քրեական գործերով արարքներին տրվող որակումները: Չնայած նշեմ, որ դա չի վերաբերվում միայն 2016 թվականին: Քրեական հետապնդման մարմինների որակումները զարմացրել են նաև 2015, 2014, 2013 և դրանց նախորդող տարիներին:
-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, նա կլիներ շատ զբաղված, դրա համար շատ լավ է, որ Ձմեռ պապն իրավաբան չէ:
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Տոները նշում եմ տանը, ընտանիքիս հետ: Այդ օրերին շատ ֆիլմեր եմ նայում:
-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
Ես խոհանոցում ընդհանրապես չեմ հայտնվում:
-Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:
Շատ լավ եմ տրամադրված և ունեմ դրական փոփոխությունների ակնկալիքներ:
-Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
Նախորդ տարվա խնդրածս դեռ չեմ ստացել, դրա համար առայժմ նոր խնդրանք չեմ ավելացնի: