Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման կարգը, այդ առնչությամբ փոստային կապի ազգային օպերատորի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը 6 ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Կարգավորող հանձնաժողովը ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:
Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել փոստային կապի ազգային օպերատորի կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայության երկարաժամկետ սակագին, իսկ անհրաժեշտության դեպքում` դրա ճշգրտման սկզբունքները:
Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:
Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես փոստային կապի ազգային օպերատորի, այնպես էլ Կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ: Կարգավորող հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում փոստային կապի ազգային օպերատորի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:
Փոստային կապի ազգային օպերատորը կարող է փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցել Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագնով` բացառելով գնային խտրականությունը: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի վնասները:
Կարգավորող հանձնաժողովին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով Կարգավորող հանձնաժողովը փոստային կապի ազգային օպերատորի համար սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և իրավական այլ ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ:
Փոստային կապի ազգային օպերատորը իր ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում է Կարգավորող հանձնաժողով՝ վերջինիս սահմանած ձևերով և կարգով:
Ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով Կարգավորող հանձնաժողովն իրավասու է իրականացնելու կամ կազմակերպելու ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:
Աղբյուրը` Իրավաբան.net