Որոշակիորեն նույնականացված (միանշանակ որոշված) անշարժ գույքի միավորի վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը տրամադրվում է ոչ ուշ, քան սպասարկման գրասենյակ դիմումը ներկայացվելու օրվանից հետո` 3-րդ աշխատանքային օրը:
Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է սահմանել նշված դիմումների հիման վրա տեղեկատվության տրամադրման առավել սեղմ ժամկետներ:
Անշարժ գույքի միավորը համարվում է նույնականացված, եթե դիմումի մեջ նշված է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ հասցեն կամ անշարժ գույքի գտնվելու վայրի նկարագիրը և տվյալ միավորի նկատմամբ իրավունք ունեցող որևէ սուբյեկտի անունը (անվանումը):
Դիմումով անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելը հիմք է տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար, որի մասին դիմումն ստանալուց հետո` 1-օրյա ժամկետում, գրավոր ծանուցվում է դիմողին:
Եթե դիմումը վերաբերում է որևէ աշխարհագրական տարածքում կամ որևէ ընդհանուր բնութագիր ունեցող չնույնականացված անշարժ գույքի միավորների վերաբերյալ ամփոփ, վերլուծական կամ այլ բնույթի տեղեկությունների տրամադրմանը, և հայցվող տեղեկատվությունը նախապատրաստելու համար գրանցող մարմինը պետք է կատարի անշարժ գույքի միավորների նույնականացման և տեղեկությունների որոնման կամ տարբեր ֆիզիկական կրիչների վրա գտնվող տեղեկությունների համադրման աշխատանքներ, ապա նման տեղեկատվությունը դիմողին տրամադրվում է 30-օրյա ժամկետում, որի մասին դիմումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները, տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը և տեղեկատվության տրամադրման համար վճարի չափը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով նույնականացման ենթակա անշարժ գույքի միավորների քանակը:
Աղբյուրը` Իրավաբան.net