Քսան տարի առաջ Հայաստանի Հանրապետությունն ամդամակցեց Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը` Ինտերպոլին: Այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության լավագույն կառույցներից է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նշեց իր 20-ամյա հոբելյանը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Ինտերպոլի ազգային բյուրոյի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանն իր ելույթում ներկայացրեց կառույցի 20-ամյա ուղին՝ նշելով, որ այսօր ԱԿԲ-ն պարզապես պարտավոր է հավատարիմ մնալ ավանդույթ դարձած սկզբունքներին ու գործելաոճին:
Գործընկերներին շնորհավորեց նաեւ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի 20-ամյա տարեդարձի կապակցությամբ ոստիկանության պետի եւ Կոլեգիայի անունից շնորհավորանքով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի մի խումբ աշխատակիցներ արժանացան խրախուսանքների:
Աղբյուրը՝ Իրավաբան.net